ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 2019թ․ հունիսի 21-ը երկար կմնա <<Վարդուհի>> արվեստի դպրոցի գեղարվեստի բաժնի 4-րդ դասարանցիների հիշողության մեջ։ Նրանք՝ քանդակագործի ու գեղանկարչի մասնագիտություններն ընտրած 12 աշակերտները, այդ օրը մասնագիտական ժյուրիի դատին հանձնեցին իրենց ավարտական աշխատանքները։ Վերջիններս իրենց մեջ խտացնում էին այն ամենը, ինչ նրանք սովորել էին չորս երկար ու ձիգ տարիների ընթացքում։

Ու դժվար է, անշուշտ, ներկայացված աշխատանքներից զատել մեկ-երկուսը, քանի որ բոլորն էլ վառ արտահայտությունն են շրջանավարտների մասնագիտական ունակությունների և դեպի արվեստն ու գեղեցիկն ունեցած անթաքույց սիրո։ Ուշագրավն էր նաև այն, որ մասնագիտական ժյուրին, բացի համապատասխան առարկաների ուսուցիչներից (Սամվել Լաճիկյան, Սամվել Պողոսյան և Վահագն Պապոյան) ընդգրկում էր հրավիրյալներ Գեղարվեստի ակադեմիայից՝ ի դեմս գեղանկարիչ Գարիկ Մանուկյանի և Շիրակի պետական համալսարանից՝ ի դեմս քանդակագործ Արտուշ Պապոյանի։ Ինչպես ամփոփման ժամանակ նշեց գեղարվեստի բաժնի ղեկավար, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը, իրենք ցանկացել էին ի ցույց դնել յուրաքանչյուր սանի անհատական հայացքն ու կարողությունները ընտրված թեմայի վերաբերյալ։ Արդյունքում կարելի էր տեսնել թե՛ հետաքրքիր քանդակներ և թե՛ դիտարժան կոմպոզիցիաներ, որոնց կենտրոնում Գյումրին է՝ իր ուրույն կոլորիտով ու մարդկանցով։ Մի քանի օրից այդ և գեղարվեստի բաժնի մյուս դասարանների աշակերտների ստեղծագործությունները կմեկտեղվեն դպրոցի ճեմասրահներում բացվելիք տարեվերջյա գեղարվեստական ցուցահանդեսում։