ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋԻՆ ՀՈՒՆՁՔԸ Կարծես երեկ էր

<<ՎԱՐԴՈՒՀԻ>> ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋԻՆ ՀՈՒՆՁՔԸ Կարծես երեկ էր, երբ Գյումրու նորակառույց <<Վարդուհի>> արվեստի դպրոցն իր հյուրընկալ դռները լայնորեն բացեց արվեստասեր պարման-պարմանուհիների առջև։ Չորս տարի է անցել ու արդեն առաջին շրջանավարտները՝ թվով 14 հոգի, <<Օյունջյան>> բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանից և ուսումնական գործընթացի կազմակերպիչ Նվարդ Եղոյանից ստացան իրենց ավարտական Վկայականները։

Նրանցից 3-ը՝ Կարոլինա Եգանյանը, Արման Մարգարյանը և Մարիամ Ժամակոչյանը, գերազանցությամբ ավարտեցին իրենց ուսումնաշրջանը, իսկ մյուսները՝ բարձր առաջադիմությամբ։ Մեծ մասը գեղարվեստի բաժնի սաներն են, ովքեր օրեր առաջ ի ցույց դրեցին իրենց ավարտական աշխատանքները՝ արժանանալով մասնագիտական հանձնախմբի գովասանքին։ Հունիսի 22-ի շաբաթ օրը անսովոր տոնականություն էր տիրում <<Վարդուհի>> արվեստի դպրոցում։ Ճիշտ է, վերջին զանգ չհնչեց, սակայն ամենուր հուզական դեմքեր էին ու անկեղծ շնորհավորանքներ՝ հնչեցված ուսուցիչների ու ծնողների կողմից։ Վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո կրթօջախի երաժշտական բաժնի սաներն իրենց երաժշտական նվերը մատուցեցին շրջանավարտներին՝ նրանց մաղթելով կանաչ ճանապարհ և ստեղծագործական ձեռքբերումներով լեցուն տարիներ։