ԲԱԼՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՅՑԸ

ԲԱԼՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՅՑԸ <<ՎԱՐԴՈՒՀԻ>> ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ Հունիսի 29-ին Ամերիկայի <<Ջոն Օյունջյան>> հիմնադրամի Տնօրենների խորհրդի նախագահ Սիմոն-Եզնիկ Բալյանն իր ընտանիքով այցելեց <<Վարդուհի>> արվեստի դպրոց։ Շուրջ 20 տարի առաջ էր, երբ նա ազգային բարերար, նյույորքաբնակ բժիշկ Հովհաննես (Ջոն) Օյունջյանի հետ եկավ երկրաշարժից մեծապես տուժած Գյումրի և տեսնելով ուսումնական անտանելի պայմանները՝ որոշում ընդունվեց փլատակներից վեր բարձրացնել քաղաքի թիվ 21 միջնակարգ դպրոցի շենքը։

Այսօր, ճիշտ է, բարեգործ բժիշկը չկա, սակայն բոլորի աչքի առաջ է նրա կատարած բարի գործը՝ Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անվան դպրոց-վարժարանը, <<Վարդուհի>> արվեստի դպրոցը և <<Աղավնի>> արհեստի կենտրոնը։ Շուտով ի կատար կածվի նաև ազգային բարերարի վերջին իղձը՝ <<Հովհաննես Օյունջյան>> համերգասրահը։ Կրթամշակութային այս հզոր համալիրը արմատապես փոխեց Գյումրի քաղաքի, հատկապես Տեքստիլագործների թաղամասի ընտանիքների կյանքը՝ նրանց երեխաներին ապահովելով ուսումնագեղարվեստական պատշաճ դաստիարակությամբ։ Ասվածի վառ վկայությունը ս․ թ․ մայիսի 15-ի միջոցառումն էր Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում՝ նվիրված մեծանուն Դոկտորի հիշատակին։ Այդ անմոռանալի համերգի փոքրիկ մոդելը այցի օրը ցուցադրվեց նաև հյուրերին։ ՛՛Պարոն Բալյանն ու նրա ընտանիքը ամենևին էլ հյուրեր չեն այս դպրոցում,- իր խոսքում նշեց Հայաստանի <<Օյունջյան>> բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը,- Նրանք եկել են տանտիրոջ իրավունքով ու կարգավիճակով։ Եկել են մեկ անգամ ևս տեսնելու գյումրեցի փոքրիկների ուսումնական հաջողությունները՛՛։ Հենց մուտքի մոտ դհոլահարների ողջույնի խրոխտ ռիթմերին հաջորդեց դասական ու ժամանակակից պարի բաժնի սաների տպավորիչ ելույթը հայելապատ սրահում։ Տեր ու Տիկին Սիմոն-Եզնիկ և Լինտա Բալյանները, նրանց զավակները հիացան նաև գեղարվեստի բաժնի սաների գեղանկարչական ու քանդակագործական աշխատանքներով, ապա վայելեցին երաժշտական բաժնի աշակերտների ճաշակավոր կատարումները։ Իր խոսքում պարոն Բալյանն ասաց․ ՛՛Շատ դժվար էր մտնել այս կրթօջախ առանց սիրելի բարերարի՝ Դր․ Օյունջյանի։ Ու որպեսզի կարողանամ հաղթահարել այս դժվարությունը, եկել եմ իմ ողջ տնտանիքով՛՛։ Ապա նա շնորհակալություն հայտնեց բոլոր սաներին ու մանկավարժներին բարերարի ոգին կենդանի պահելու համար։ Որպես հարգանքի տուրք Բալյան ընտանիքը լուսանկարվեց Հովհաննես Օյունջյանի մեծադիր գեղանկարի ու նրա կիսանդրու մոտ։