ՀԱՄԵՐԳ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

ՀԱՄԵՐԳ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ Ամանորին ընդառաջ Հայաստանի <<Նոր անուններ>> ծրագրի շրջանակներում Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ տոնական համերգ, որի ունկնդիրները դեսպանատան աշխատակիցներն ու Հայաստանում բնակվող ֆրանսահպատակ մեր հայրենակիցներն էին: Կազմակերպիչը նշյալ ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանն էր, ով մասնակիցների ցանկում առաջին անգամ ընդգրկել էր նաև <<Վարդուհի>> արվեստի դպրոցի սաներին:

Վերջիններս՝ ֆլեյտահար Էդվարդ Սարգսյանը (դասատու՝ Մելանյա Սիմոնյան) և դաշնակահար Մարգարիտա Ավետիսյանը (դասատու՝ Սիրանուշ Մարգարյան) հաջողությամբ հանդես եկան՝ համապատասխանաբար կատարելով Չայկովսկու Վալսը և գերմանացի կոմպոզիտոր Բուրգմյուլլերի Էտյուդը: Նշենք, որ համերգի 13 մասնակիցներից միայն երկուսն էին Գյումրիից և ներկայացնում էին <<Վարդուհի>> արվեստի դպրոցը: Տիկին Մեքինյանը դրվատական խոսքեր ասաց մեր պատանի երաժիշտների հասցեին՝ միաժամանակ նշելով, որ եկել է ժամանակը <<Վարդուհի>> արվեստի դպրոցը ներկայացնելու նաև երևանյան հանդիսատեսին: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպանատանը կայացած տոնական համերգին, ապա թե՛ մեր փոքրիկ երաժիշտները, թե՛ նրանց ուսուցիչները երկար կպահեն ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտի և դեսպանատան աշխատակիցների հետ ունեցած այս հանդիպման հիշողությունները: