ՀՅՈՒՐԱՌԱՏ ԱՇՈՒՆ

ՀՅՈՒՐԱՌԱՏ ԱՇՈՒՆ Հայաստանի այս տարվա աշունն առանձնացավ թե՛ իր երկարատևությամբ և թե՛ շռայլ ու զմայլելի գույներով։ Նույնքան զմայլելի հյուրեր էլ հյուրընկալվեցին մեր դպրոցական հարկի ներքո՝ ըմբոշխնելով այնտեղ սովորող աշակերտների գեղարվեստական տպավորիչ ելույթները։ Աշնան առաջին օրերին Փարիզից <<Վարդուհի>> արվեստի դպրոց այցելեց Սուրեն և Մարգո Շերիք ամոլը։ Դոկտոր Հովհաննես Օյունջյանի կենդանության օրոք նրանք միշտ էլ եղել են բարերարի կողքին, ոգևորել ու քաջալերել նրան իր հայրենաշեն ձեռնարկումներում։

Այժմ էլ, ավագ ընկերոջ բացակայությամբ, նրանք պարբերաբար այցելում են արվեստի այս կրթօջախ՝ տեսնելու բարերար բժշկի ցանած սերմերի ծլարձակումը։ Անակնկալ էր դոկտորի ընկերներից Արտեմիս Մասարլյանի և նրա ղեկավարած նյույորքյան խմբի ժամանումը <<Վարդուհի>> արվեստի դպրոց։ Ազգային բարերարի մահվանից հետո նրանք ամենևին չէին եղել Գյումրու այս կրթօջախում և իրենց ամեն ինչ էր հետաքրքրում՝ կապված դրա գործունեության շարունակության հետ։ Ու այն, ինչ նրանք տեսան, վեր էր ամեն պատկերացումից։ Հյուրերը խանդավառվեցին թե՛ կերպարվեստի բաժնի սաների կենսախինդ գույներից, թե՛ փոքրիկ <<կարապների>> դասական պարից և թե՛ երաժշտական տարբեր գործիքների տիրապետող աշակերտների ելույթներից։ Հիշյալ խումբը հոգեպես խաղաղված մեկնեց՝ վստահ դպրոցի վաղվա պայծառ օրվան։ Իրենց զավակների՝ Էնթոնի-Արամի ու Շուշանի պսակադրության առթիվ Մայր հայրենիք ժամանած Անդրեասյան և Սարգսյան ընտանիքները որոշել էին հարգանքի տուրք մատուցել երջանկահիշատակ Հովհաննես Օյունջյանին՝ այցելելով նրա հովանու ներքո գործող արվեստի դպրոց։ Հյուրերը Նյու Յորքից էին ու ԱՄՆ տարբեր նահանգներից, Եվրոպայից ու Մերձավոր Արևելքից։ Նրանք սիրով դիտեցին <<Վարդուհի>> կրթօջախի 2 հարկերում բացված գեղարվեստական ցուցահանդեսները, որոնցից մեկում ցուցադրված էին պարման-պարմանուհիների աշխատանքները, մյուսում՝ նրանց ուսուցիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի ստեղծագործությունները։ Այնքան հավանեցին, որ վերջում նաև գնումներ կատարեցին։ Ապա պարասրահում նրանք ըմբոշխնեցին դասական ու ժամանակակից պարի բաժնի սաների ելույթը։ Ազդեցիկ էր նաև ներկայացված համերգը, որը հնչեց որպես երաժշտական նվեր նորակազմ հայ ընտանիքին։ Դոկտոր Օյունջյանի լավ բարեկամ Լևոն Անդրեասյանն իր գոհունակությունը հայտնեց իրենց տեսածի ու լսածի առիթով՝ հատուկ ընդգծելով, որ արվեստի այս հաստատությունը վառ է պահում բարեգործ բժշկի անունը և շարունակելի՝ նրա հավերժի երթը։ Վերջում էլ <<Օյունջյան>> բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը մեկ անգամ ևս շնորհավորելով նորապսակ զույգին՝ որպես հուշ նրանց նվիրեց աշակերտներից մեկի աշխատանքը։