ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒԴՈՒՐԳԵՑՅԱՆ. «Շեփորը սիրուն ձայն ունի»

Իր սիրած երաժշտական գործիքի մասին այսպիսի կարծիքի է «Վարդուհի» արվեստի դպրոցի շեփորի բաժնի 2-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մուդուրգեցյանը: Նա մեկն է մեր կրթօջախի օժտված ու մեծ ապագա խոստացող սաներից, ովքեր արդեն այսօր հանդես են բերում խորը գիտելիքներ և գործիքին կատարելապես տիրապետելու կամք ու վճռականություն:

Հովհաննեսը 10 տարեկան է և մինչ այս ուսումնական տարի սովորում էր Գյումրու «Օյունջյան» վարժարանում: Դարձյալ կատարելության հասնելու ձգտումն էր, որ նրան տարավ քաղաքի «Ֆոտոն» վարժարան, որի 5-րդ դասարանի աշակերտ է այժմ: «Այդտեղ շատ ուժեղ, խորացված մաթեմատիկական առարկաներ են անցնում,- մեր զրույցում նշեց պատանի շեփորահարը՝ շարունակելով,- թեև բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրում եմ»:

Հին փիլիսոփաներից շատերն են ուղղակի կապ տեսել մաթեմատիկայի ու երաժշտության միջև: Դա «հաստատում է» նաև Հովհաննեսի օրինակը, երբ մաթեմատիկա շատ սիրելը ոչ միայն չխանգարեց, այլև նպաստեց, որ նա ոտք դնի երաժշտության կախարդական աշխարհ: Սկզբում ուսանեց «Գոհար» երաժշտանոցում, ապա ուսումնառությունը շարունակեց «Վարդուհի» արվեստի դպրոցում՝ վաստակաշատ ուսուցիչ Արամ Տաշչյանի դասարանում: Վերջինս դրվատանքով է խոսում իր սանի մասին, գովում հատկապես նրա աշխատասիրությունը: Դա հաստատեց նաև պատանու տատը՝ Կիմա Մովսիսյանը, ով ներկա էր մեր զրույցին. «Երեխան ամբողջ ամառը պարապում էր»:

Ինչ վերաբերում է շեփորն ընտրելուն, Հովհաննեսն ասաց. «Երբ ձեռքս առա գործիքը, հասկացա, որ այն իմն է…»: Իհարկե, դեռահաս շեփորահարն իր երաժշտական շնորհի համար պարտական է ծնողներին ու նախևառաջ ջութակահար մորը՝ Արմենուհի Մովսիսյանին, որ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է: Նույն այդ երաժշտախմբի հետ Հովհաննեսն արդեն 3 անգամ համերգ է ունեցել և Հավաստագիր ունի՝ տրված «Մենակատարների շքերթին» մասնակցելո համար:

Շուտով նշյալ նվագախմբի հետ Հովհաննես Մուդուրգեցյանը հյուրախաղերի է մեկնելու Դիլիջան և Վանաձոր: Մինչ այդ, իհարկե, տքնաջան ու հագեցած պարապմունքներն են, որոնք աստիճաններ են դեպի կատարողական արվեստի բարձունքներ տանող երկար ճանապարհին: