ՊԱՏԱՆԻ ՔԱՆՈՆԱՀԱՐՈՒՀՈԻ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Խոսքը «Վարդուհի» արվեստի դպրոցի սան Անի Քալաշյանի մասին է, ով իր գործիքային կատարումներով մասնակցեց «ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԸ» ժողովրդական մշակույթի համառուսաստանյան մանկական V հոբելյանական փառատոնին: Վերջինս մեկնարկել է տարիներ առաջ՝ նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության:

Նպատակը սկզբից ևեթ եղել է ժողստեղծագործության ոլորտում արտակարգ ունակություններ ցուցաբերած պատանիների ու աղջիկների խրախուսումը, բանահյուսական ավանդույթների հետ նրանց առնչումը, ինչպես նաև տարբեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդումը:Երաժշտությունից բացի մրցույթը ներառում էր նաև արվեստի այլ բնագավառներ՝ ժողովրդական պար, դեկորատիվ-կիրառական արվեստ, ազգային տարազ և այլն:

Ի դեպ, 2020-ն առաջին տարին էր, որ հիշյալ փառատոնն ընդլայնեց իր էթնոմշակութային սահմանները՝ ընդգրկելով նաև արտասահմանյան այլ երկրների մանուկների: Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերի մի քանի ներկայացուցիչներ մասնակցությունից զատ նաև մրցանակային տեղեր շահեցին հիշյալ փառատոնում: Ուրախ ենք հայտարարելու, որ մեր դպրոցի սան Անի Քալաշյանը 14-17տ. երեխաների շրջանում «Լավագույն երաժիշտ» անվանակարգում գրավեց 3-րդ պատվավոր տեղը: Շնորհավորում ենք նրան ու դասատու Մարինե Ասատրյանին և մաղթում ստեղծագործական նոր հաջողություններ: