ՏԱՐԵՎԵՐՋՅԱ ՀՅՈՒՐԱԽԱՂ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Ճիշտ է, «Վարդուհի» արվեստի դպրոցի բոլոր 3 բաժիններն էլ իրենց աշխատանքներն առանձին-առանձին ներկայացրել էին քաղաքամայր Երևանում ու ՀՀ տարբեր բնակավայրերում, ինչպես նաև առցանց մասնակցել միջազգային տարբեր ստուգատեսների, բայց այսպես համախումբ առաջին անգամ մեկնեցին հյուրախաղերի:

Պատահական չընտրվեց Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը, որը բարի համբավ ունի ոչ միայն Լոռու մարզում, այլև մեր ողջ երկրում: 1934-ին ստեղծված ուսումնական այս հաստատությունը հայտնի է տասնամյակների իր հարուստ ավանդույթներով, որոնց ակունքներում նախ ինքն է եղել՝ երաժշտական ականավոր գործիչ Էդուարդ Կզարթմյանը, ապա այստեղ պարբերաբար այցելած այնպիսի նշանավոր կոմպոզիտորներ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, շատ ուրիշներ:

Չնայած նոյեմբերի 26-ին Գյումրիում տեղացած առաջին ձյանը մեր դպրոցի 50 պատվիրակներ՝ ուսուցիչներ ու աշակերտներ, սիրով հաղթահարեցին ձյունապատ ճանապարհը՝ տեղում արժանանալով վանաձորցիների ջերմ ընդունելությանը: «Բարեկամության կամուրջներ» խորագրով ծրագիրն ընդգրկում էր վոկալ ու գործիքային ստեղծագործություններ՝ սկսած Բախից ու Մոցարտից մինչև Կոմիտաս ու Բաբաջանյան: Ինչպես ասում են՝ դասական հայտագիրն իր ողջ հմայքով՝ գումարած նաև Ալթունյան ու Համասյան:

Համերգի սկզբում մեր պատվիրակներին ողջունեց Էդ. Կզարթմյանի անվան դպրոցի տնօրեն Գագիկ Աղաբաբյանը, որը կարևորեց Գյումրի-Վանաձոր մշակութային երկխոսության վերահաստատումը, որովհետև ժամանակին այն շատ ամուր ու աշխույժ է եղել: Ապա Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, կրթության և զբոսաշրջության բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Մամյանը ընթերցեց մեր դպրոցին ուղղված Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վ. Օհանյանի Շնորհակալագիրը «Միջհամայնքային մշակութային կապերի սերտացման ու արդյունավետ համագործակցության համար»:


«Վարդուհի» արվեստի դպրոցի հանրային կապերի պատասխանատու Լևոն Լաճիկյանը հակիրճ ներկայացրեց ընդամենը 6-7 տարի առաջ ստեղծված «Վարդուհի» արվեստի դպրոցի պատմությունը՝ նշելով, որ չնայած կարճ կենսագրությանն այն արդեն հասցրել է վառ գույն դառնալ Գյումրու և ոչ միայն Գյումրու մշակութային քարտեզի վրա:

Դրանում համոզվեց Կզարթմյանի անվան դպրոցի հոյաշեն դահլիճում այդ օրը ներկա հանդիսատեսը, որը ջերմ ծափողջույններով դիմավորեց մեր երեխաների անխտիր բոլոր ելույթները՝ որպես արդյունք մեր դպրոցի մանկավարժների տքնաջան

ու համբերատար աշխատանքի: Տպավորիչ էր հատկապես համերգի ավարտը, երբ ելույթ ունեցավ դպրոցական երգչախումբը՝ երգի ու պարի ներդաշն համակցությամբ:


Շնորհակալությո՛ւն մեր դպրոցի ուսուցչական կազմին՝ ուսումնական գործընթացի կազմակերպիչ Նվարդ Եղոյանի գլխավորությամբ, անդրանիկ հյուրախաղի աներկբա հաջողությունն ապահովելու համար: Արդյունքում մեր երեխաներն անմոռանալի հուշերով վերադարձան հարազատ քաղաք՝ սպասելով առաջիկայում կազմակերպվելիք նոր հյուրախաղերի՝ ի Հայաստան, թե արտերկիր:

Հ. Գ. Վանաձորյան այցի բոլոր լուսանկարները պարբերաբար կներկայացվեն մեր հետագա թողարկումներում: