ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՔՈՒՅՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐԸ

«Վարդուհի» արվեստի դպրոցում քիչ չեն դեպքերը, երբ միևնույն ընտանիքից մի քանի երեխա է սովորում: Նրանցից են շնորհաշատ քույր ու եղբայր Սոֆի ու Արսեն Մելիքյանները, ովքեր 7 տարի գեղարվեստական կրթություն ստանալուց հետո այս ուսումնական տարվա վերջում հրաժեշտ կտան մեր կրթօջախին:

Նրանք ուրախ են, որ յոթնամյա կրթություն ստացած մեր առաջին սաների թվում են լինելու: Ինչպես նրանց մայրը՝ մասնագիտությամբ մանկավարժ Քնարիկ Պապոյանը, որը ժամանակին հաճախել է նաև երաժշտական դպրոց և նվագել քանոն, նշեց մեր զրույցի սկզբում. «Հենց բացումի՛ց ենք մենք դպրոցում»: Այո՛, ակամա իրեն էլ սերտորեն առնչեց դպրոցի հետ, որովհետև իր զավակներին բերել-տանելիս, ինչպես և նրանց սպասելիս սիրում էր անտրտունջ մասնակցել դպրոցի առօրյային՝ վայելելով դպրոցական արվեստաշունչ մթնոլորտը և ակամայից դառնալով ծնողական կոմիտեի գործուն ներկայացուցիչը: Նա, լինելով արվեստի մեծ սիրահար, նաև հավելեց, որ իր քույրը ևս ժամանակին նկարչի մասնագիտությունն էր ընտրել: Երևի հենց դա էր պատճառը, որ ծնողները ցանկացան երեխաները մոտ լինեին արվեստին ու գեղեցիկին։

17-ամյա Սոֆի Մելիքյանը սկզբում բալետի բաժնի հետ զուգահեռ հաճախում էր թե՛ վոկալի և թե՛ ֆլեյտայի: Առաջինը, սակայն, ամբողջությամբ կլանեց նրա էությունը՝ տարեցտարի դառնալով ապրելակերպ: «Սկզբում չէի ուզում հաճախել պարապմունքների,-խոստովանում է պարմանուհին,-քանի որ շատ էին դժվարությունները»: Հետո աստիճանաբար փոխվել է վերաբերմունքը, և երբ առաջին անգամ պուանտ՝ բալետային կոշիկ է հագել, սիրտը լցվել է հպարտությամբ: Ընդ որում, նա որոշել է ողջ կյանքում պահել այդ պուանտները:

Ուսումնառության ընթացքում Սոֆի Մելիքյանն իր պարուհի ընկերուհիների հետ հասցրել է ելույթներ ունենալ Ազգային օպերայի ու բալետի թատրոնի, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմերում Երևանի պարարվեստի ուսումնարանում, այլ հարթակներում, մասնակցել մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների և վաստակել դիպլոմներ ու պատվոգրեր: Ամենահիշարժանը, սակայն, մի քանի տարի առաջվա համերգն էր Գյումրու դրամատիկական թատրոնում՝ նվիրված ազգային բարերար Հովհաննես Օյունջյանի հիշատակին: Դպրոցի դասական պարի բաժնի վարիչ Աիդա Սուվարյանը, փորձելով բնութագրել առաջատար պարուհուն, ընդգծեց հատկապես նրա «պարային» կերպարը:

Շուտով Սոֆին կավարտի ՇՊՀ-ի զբոսաշրջության բաժինը և կրկին կկանգնի ապագա ընտրության առջև՝ բալետ թե՞… Նա ինքն էլ գիտակցում է, որ բալետի լավ պարող դառնալու համար մեծ կամք, տաղանդ ու, ամենակարևորը, աշխատասիրություն է անհրաժեշտ: Բայց ինչ ընտրություն էլ նա կատարի, միևնույն

է՝ ողջ կյանքում քայլելու է բալետի պարուհու հպարտ քայլվածքով ու սիգաճեմ կեցվածքով:

Քչախոս ու խոստումնալից շեփորահար Արսեն Մելիքյանը ևս մեծ գոհունակությամբ է հաճախում դասերին (դասատու՝ Արամ Տաշչյան): Նա ևս, քրոջ նման, միանգամից չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում. սաքսոֆոն, կիթառ թե՞ շեփոր։ Վերջինս դարձավ իր սիրելի գործիքը։ Երեք տարի զուգահեռաբար հաճախել է պարահանդեսային և սպորտային պարերի բաժնի դասերին, մասնակցել մրցույթների և արժանացել դիպլոմների։ Արսենը ջերմությամբ է հիշում նաև իր առաջին մասնակցությունը «Հրաշքների մոլորակ” պատանի երաժիշտների մրցույթում։ Սակայն վերջապես, հաղթել է շեփորի կանչը: Ընդ որում՝ անվերադարձ, որովհետև 14-ամյա պատանին հաստատապես որոշել է ուսումը շարունակել Գյումրու Կարա Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում:

Ի դեպ, Արսենը կրթության աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված Երևանի Կոմիտասի թանգարան ինստիտուտում օրերս կայացած Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանական համերգի այն երեք մասնակից երաժիշտներից մեկն է, որը ներկայացնում է Գյումրին և հատկապես «Վարդուհի» արվեստի դպրոցը։

Թերևս այսքանը՝ որպես սկիզբ այն շարքի, որում կպատմենք մեր այս տարվա շրջանավարտների մասին՝ կանխավ շնորհավորելով նրանց և ակնկալելով մշտական կապ մեր դպրոցի ու դասավանդած ուսուցիչների հետ