ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ. ԿԱՐՈԼԻՆԱ ԵԳԱՆՅԱՆ

«Վարդուհի» արվեստի դպրոցի Գեղարվեստի բաժնի քառամյա
կրթության առաջին շրջանավարտներին մենք հրաժեշտ տվեցինք երեք
տարի առաջ՝ 2019-ին: Չասացինք, սակայն, «Մնաք բարով», այլ միմիայն
«Ցտեսությո՛ւն»:


Հրաժեշտ տալով հանդերձ՝ անցնող տարիներին միշտ ենք
հետաքրքրվել մեր շրջանավարտներով, հեռվից հեռու ուրախացել նրանց
հաջողություններով: Մեր առաջին հունձքի մեջ էր Նաև Կարոլինա
Եգանյանը, ով գերազանցությամբ ավարտելով «Վարդուհի» արվեստի
դպրոցը՝ իր ուսումը շարունակեց Գյումրու Ակադեմիական վարժարանի
հումանիտար հոսքում:

Ճիշտ է, լայն էր նրա հետաքրքրությունների շրջանակը՝
պատմություն, փիլիսոփայություն և այլն, սակայն ի վերջո հաղթեց
արվեստի մեջ խորանալու ձգտումը, և գեղատես աղջնակն ընդունվեց
Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի
գեղանկարի բաժինը: Այժմ Կարոլինան անվճար սովորում է 1-ին կուրսում
և հաջողությամբ հաղթահարել է հունվարյան քննաշրջանը:
Օրերս այցելելով հարազատ դպրոց՝ նա հանդիպեց թե՛ իր
ուսուցիչների, և թե՛ ներկա սաների հետ, ապա ուշադրությամբ
ծանոթացավ նորաբաց ցուցահանդեսին:

Մեր զրույցից տեղեկացանք, որ Կարոլինան նկատելի ստեղծագործական առաջընթաց ունի ակադեմիայում: Հաճելի էր լսել, որ դրա հիմքում նա տեսնում է իր ուսումնառության արդյունավետ տարիները «Վարդուհի» արվեստի դպրոցում, իր ուսուցիչներից ստացած հարուստ գիտելիքները: Օրերս Կարոլինա Եգանյանը դպրոց կատարած հերթական այցի ժամանակ մասնակցեց նկարչության դասին, խորհուրդներ տվեց իրենից
կրտսերներին, ապա անկեղծ զրույց ունեցավ նրանց հետ՝ պատմելով ընդունելության քննությունների և կատարելիք այլ քայլերի մասին: Մենք միշտ ուրախ ենք մեր սաներով և հպարտ՝ նրանց ձեռքբերումներով: