«Ոչ մի տեղ երեխաներիս աչքերում այսքան փայլ չեմ տեսել…»

Այս նախադասությունը Սիրանուշ Պետրոսյանի հետ ունեցած մեր զրույցից էր, երբ հանդիպեցինք «Վարդուհի» արվեստի դպրոց հաճախող նրա 3 զավակների մասին փոքրիկ նյութ պատրաստելու նպատակով:

Ավագը՝ Զոյա Սարիբեկյանը, այս տարի կավարտի մեր դպրոցի դաշնամուրային բաժինը (դասատու՝ Կարինե Խալաթյան): Պարզվում է՝ նա փոքրուց է սիրել երաժշտական այդ գործիքը: Ինչպես Զոյան ինքը խոստովանեց «Անվերջ նայում էի մանկապարտեզիս դաստիարակչուհու ձեռքերի վարժ շարժումներին ու աստիճանաբար ե՛ս էլ ուզեցի դաշնակահարուհի դառնալ»

Չորս տարի Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում սովորելուց հետո տեղափոխվել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոց: Հմուտ մանկավարժի ջանքերի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տվել. «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչմանը ավելացել են «Արտ մյուզիք» միջազգային փառատոնում կրկնակի գրաված 2-րդ տեղը 2019 և 2020 թվականներին, «Օդեսա-Վանաձոր» մրցույթում շահած 3-րդ կարգի Դիպլոմը և «Երաժշտություն՝ հանուն ապագայի» կրթաթոշակի մրցույթում լավագույնների շարքում ընդգրկվելը, որը հնարավորություն կտա մասնակցելու վարպետության դասերի:

Իսկ բառացիորեն օրերս Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում պատանի դաշնակահարուհու ունեցած փայլուն ելույթը շատերի հիշողության մեջ կմնա:

Ի դեպ, Զոյան ունի նաև ասմունքելու անուրանալի շնորհք, որը նա դրսևորում է երաժշտական կատարումների արանքում հայ մեծանուն բանաստեղծների հայրենասիրական քերթվածներն ընթերցելիս:

Լիլիթ Սարիբեկյանը «Վարդուհի» արվեստի դպրոցի Գեղանկարի բաժնի 3-րդ դասարանի սան է (ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի դասարան), ով սիրում է նկարել ու իրեն լավ է զգում հենց գույների աշխարհում: Նրա ստեղծագործությունները հաճախ կարելի է տեսնել ինչպես դպրոցի ցուցասրահում պարբերաբար կազմակերպվող, այնպես էլ քաղաքային ու հանրապետական տարբեր ցուցահանդեսներում:

Փոքրիկ Անին նույնպես 3-րդ դասարանում է սովորում, բայց արդեն ջութակի բաժնում: Ինչպես մայրը՝ Սիրանուշը, պատմեց, տարիներ առաջ աղջնակը ջութակ-խաղալիք է տեսել խանութում, որը գնելուց հետո սկսել է անվերջ «ջութակ-ջութակ» խաղալ: Մի օր էլ նրա սիրած մանկական խաղը վերածվել է ջութակ նվագել սովորելու իրական փափագի, որը համընկել է արվեստասեր մոր ցանկության հետ: Եվ այսօր Անի Սարիբեկյանը սիրելի ուսուցչուհու՝ Երանուհի Սողոմոնյանի մոտ ոչ միայն սերտում է երաժշտական գործիքների «թագուհու» այբուբենը, այլև առաջին վարժ քայլերն է անում դրան կատարելապես տիրապետելու ուղղությամբ:

Այսպիսին է Սարիբեկյանների արվեստասեր ընտանիքի զավակների հակիրճ պատմությունը, որը շարունակում է հյուսվել «Վարդուհի» արվեստի դպրոցի կամարների ներքո՝ խոստանալով ձեռքբերումների նոր էջեր ու ստեղծագործական նոր հաջողություններ: