ԴԱՍԱԿԱՆ ՊԱՐ + ՖԼԵՅՏԱ + ԿԵՆՍԱՔԻՄԻԱ

Նման բաղադրիչներով բանաձև մինչ օրս, հաստատ, ոչ ոքի չի հանդիպել: Մինչդեռ նման բանաձևով է ապրում ու սովորում Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի դասական պարի ու ֆլեյտայի բաժինների սան, այս տարվա շրջանավարտ Արմինե Հակոբյանը:

Ինչպես մայրը՝ Հեղինե Հակոբյանն է պատմում. «3 տարեկան էր դուստրս, երբ նրան տարանք մարմնամարզության խմբակ»: Վեց ամիս տևած պարապմունքները մի օր դադար են առել, քանի որ դրանք շատ ծանր էին փոքրիկ աղջնակի համար: Արվեստասեր մորը, սակայն, հանգիստ չի տվել դստերը արվեստի աշխարհում տեսնելու գաղափարը: Նույնիսկ մտածել է ընտանիքով Երևան տեղափոխվելու մասին, որտեղ գործում էր Պարարվեստի ուսումնարանն իր բալետային հայտնի դպրոցով: Ընտանիքի հայրը՝ նկարիչ-դիզայներ Արտյոմ Հակոբյանը, նույնպես հակված էր գեղարվեստական պատշաճ կրթություն տալ իր զավակներին:

Լուր առնելով, որ շուտով Գյումրիում բացվելու է «Վարդուհի» արվեստի դպրոցն իր դասական պարի ու արվեստի այլ բաժիններով, սպասել են՝ մինչև Արմինեն կդառնար 6տ. և կընդունվեր հարևանությամբ գործող «Օյունջյան» վարժարան: Ընդունող հանձնաժողովը, հաշվի առնելով բնությունից օժտված աղջկա տվյալները, պարից բացի առաջարկել է սովորել նաև ֆլեյտայի դասարանում: Եվ արդեն 7 տարի փոքրիկ Արմինեն հաճախում է մեր դպրոց՝ տարեցտարի հաջողություններ գրանցելով միաժամանակ 2 բաժիններում:

Նա արդեն հասցրել է մասնակցել հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների, ստանալ բազմաթիվ դիպլոմներ ու վկայականներ: Բայց և նոր բան սովորելու ու կատարելագործվելու ցանկությունը երբեք չի լքում նրան: Գոհ է իր արվեստի դասատուներից՝ Մ. Սիմոնյանից, Ա. Սուվարյանից, Լ. Ավետիսյանից, մյուսներից: Ըստ Արմինեի, իր ուսուցիչներն իրեն նաև «կյանքի դասեր» ու շատ օգտակար խորհուրդներ են տալիս:

Հանրակրթական ուսումը շարունակելով Գյումրու Վ. Թեքեյանի անվան վարժարանում և այժմ սովորելով տեղի 8-րդ դասարանում՝ Արմինե Հակոբյանը կարևորում է նաև դպրոցական մյուս առարկաները, որոնցից հատկապես կենսաբանությունն ու քիմիան է սիրում: Մեր զրույցից տեղեկացանք, որ խելացի հայ պարմանուհին ինքնուրույն սկսել է նաև կորեերեն սովորել, իսկ ապագայում պատրաստվում է խորանալ հագուստի դիզայնի մեջ:

Թվում էր, թե այսչափ զբաղված լինելուց հետո 13-ամյա գեղադեմ օրիորդն այլևս ժամանակ չպիտի ունենար իր առօրյայով զբաղվելու կամ ժամանցը կազմակերպելու: Մինչդեռ Արմինեն սիրում է ընկերություն անել բալետային խմբի բոկոր անդամների ու հատկապես Քնարիկ Ստեփանյանի հետ, ով իր համար «ավելին է, քան քույրը»:

Ավելացնենք, որ Հակոբյանների արու զավակի՝ Ալբերտ Հակոբյանի գեղարվեստական ճակատագիրը ևս սերտ առնչություն ունի «Վարդուհի» արվեստի դպրոցի հետ. նա սովորել է տեղի նկարչության և կիթառի դասարաններում: