«Վարդուհի» արվեստի դպրոց
«Օյունջյան» կրթահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող այս կրթօջախը սկզբից եւեթ կոչված է ապահովելու գյումրեցի փոքրիկ արվեստասերների գեղագիտական պատշաճ դաստիարակությունը, ուղղություն տալու նրանց գեղարվեստական հետաքրքրություններին եւ, ամենակարեւորը, սեր առաջացնելու առ նորին մեծություն Արվեստն ու նրա տարբեր տեսակները: Այն միաժամանակ հիմնվել է ստանձնելու իր բաժին պատասխանատվությունը «արվեստների ու արհեստների մայրաքաղաք» Գյումրու գեղարվեստական ավանդույթների պահպանման ու զարգացման հույժ կարեւոր գործում:

Դպրոցի անվանակոչությունը պայմանավորված է մի հուզիչ պատմությամբ՝ կապված ազգային բարերար Հովհաննես Օյունջյանի կյանքի հետեւյալ դրվագի հետ: Երբ թուրք հրոսակները 1920թ. հարձակում են գործում նրա ծննդավայրի՝ բացառապես հայերով բնակեցված Չենգիլեր գյուղի վրա, տեղի բնակիչները դիմում են փախուստի՝ ապագա բարերարին թողնելով օրորոցում: Ավագ քույրը՝ Վարդուհին, վտանգելով սեփական կյանքը, վերադառնում է ճանապարհից եւ փրկում «վերջին չենգիլերցուն»: Ի հիշատակ արդեն մահկանացուն կնքած իր սիրասուն քրոջ՝ Հովհաննես Օյունջյանը տարիներ անց որոշում է կենդանի հուշարձան կանգնեցնել նրա պատվին՝ արվեստի նորակառույց դպրոցը կոչելով «Վարդուհի»:



Դպրոցի շինարարությունը, որն իրականացրեց «Կանակա» շինարարական ընկերությունը՝ գլխավորությամբ Հայկ Հովիվյանի, սկսվեց 2013թ. եւ ավարտին հասավ մեկ տարի անց: 2014թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Վարդուհի» արվեստի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը՝ մասնակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի, Ամերիկայի «Ջոն Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Սիմոն-Եզնիկ Բալյանի, Հայաստանի «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանի, ԱՄՆ-ից եւ Մեքսիկայից ժամանած բազմաթիվ հյուրերի:
Շուրջ մեկամյա նախապատրաստական աշխատանքներից հետո դպրոցն իր դռները լայնորեն բացեց 2015թ. սեպտեմբերի 1-ին: Եռահարկ կառույցը, որ զբաղեցնում է մոտ 1400 քառ. մետր տարածք, ունի բոլոր հարմարությունները՝ 17 դասասենյակ, մեկ համերգասրահ, 2 պարասրահ, մեկ նիստերի դահլիճ, լուսավոր ու գեղեցիկ ճեմասրահներ եւ այլն, սաների գեղարվեստական կրթությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Այն իրականացնում են Գյումրու ու մայրաքաղաք Երեւանի տարբեր ուսումնական հաստատություններից հրավիրյալ շուրջ 25 մասնագետներ, որոնցից շատերն իրենց գիտելիքներով ու հարուստ փորձով հայտնի անուններ են ողջ հանրապետությունում: Լինելով մասնավոր կրթօջախ՝ «Վարդուհի» արվեստի դպրոցի ուսումնական գործընթացի հիմքում ընկած է պետական կրթական ծրագիրը:
Այսօր ընդհանուր առմամբ «Վարդուհի» արվեստի դպրոցում սովորում է շուրջ 200 երեխա: Դպրոցն ունի 3 բաժին՝ գեղարվեստի, երաժշտության եւ պարարվեստի: Առաջինը ներառում է նկարչության եւ քանդակի մասնագիտությունները, որոնց դասերն անցկացվում են համապատասխան կահավորանք ունեցող դասարան- արվեստանոցներում:



Երաժշտական բաժինն ունի ժողովրդական (քանոն, դուդուկ, դհոլ), դաշնամուրային, լարային (ջութակ, կիթառ), փողային (ֆլեյտա, կլարնետ, սաքսոֆոն, շեփոր) գործիքների եւ վոկալ ենթաբաժիններ: Հարկ է նշել, որ դպրոցն ապահովված է նշյալ բոլոր գործիքներով:
Պարարվեստը ներկայացված է դասական պարով: Պարապմունքներն անց են կացվում հայելապատ երկու պարասրահներում, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են հանրապետության երկրորդ քաղաքում: Երբ ուսումնական բարենպաստ պայմանները միանում են որակյալ մասնագետների հմուտ աշխատանքի հետ, արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տալիս:
Իրոք, չնայած ոչ երկարատև կենսագրությանը, «Վարդուհի» արվեստի դպրոցն այլեւս իր տեղը հաստատել է մեր երկրի կրթամշակութային հաստատությունների շարքում: Ավելին՝ մեր սաները բազում մրցանակային տեղեր են զբաղեցրել «Վերածնունդ», «Արտ մյուզիք», այլ միջազգային փառատոներում, պարի հանրապետական մրցույթներում եւ այլն: Նշանակալի էր, օրինակ, մեր աշակերտների մասնակցությունը Երեւանի մարզահամերգային համալիրում 2016թ. սեպտեմբերի 21-ին կայացած «Անկախության սերունդ» համերգին՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Հագեցած ու բովանդակալից է դպրոցի առօրյան: Այստեղ պարբերաբար անց են կացվում վարպետության դասեր՝ մասնակցությամբ Երեւանից ու արտերկրից ժամանած մասնագետների, կազմակերպվում են տարաբնույթ համերգներ ու գեղարվեստական միջոցառումներ: Դասերի ավարտից հետո էլ մեր աշակերտները չեն շտապում լքել դպրոցը. չէ՞ որ վերջինս հարազատ տուն է դարձել բոլորի համար:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 2019թ. մայիսի 15-ին տեղի ունեցած Հիշատակի համերգը, նվիրված բարերար Հովհաննես Օյունջյանին, աննախադեպ երևույթ դարձավ հանրապետության երկրորդ քաղաքի մշակութային կյանքում: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վիեննայից, Կ․Պոլսից, Երևանից, Տավուշի ու Լոռու մարզերից եկած բազմաթիվ հրավիրյալներ և, իհարկե, աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Այն բոլորին ի ցույց դրեց, թե ի~նչ կարելի է անել և ինչպիսի~ բարձունքի հասնել ընդամենը մի քանի տարվա ընթացքում՝ ի շնորհիվ հետևողական ու նպատակադիր աշխատանքի: