«ԵՍ ԻՆՁ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԱՐՎԵՍՏԻ»

Սրանք լոկ խոսքեր չեն, այլ զուտ իրականություն, որով ապրում է 13-ամյա Քնարիկ Ստեփանյանը: Նա «Օյունջյան» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտուհի է, ով միաժամանակ սովորում է «Վարդուհի» արվեստի դպրոցի ավարտական՝ 7-րդ դասարանում: Նա այն սակավաթիվ սաներից է, ով զուգահեռաբար սովորում է երկու՝ ֆլեյտայի և դասական պարի բաժիններում: Եթե հանրակրթական դպրոցի ուսումն էլ հավելենք, ապա կստացվի ուսումնական 3 հարթակ միասին, որը հաղթահարելն, անշուշտ, դյուրին գործ չէ:

«Օրեր են լինում, երբ չեմ հասցնում հաց ուտել»,- ժպտալով պատմում է Քնարիկը, բայց և մտքով երբևէ չի անցել ընտրություն կատարել դրանց միջև: Մեր զրույցին մասնակից Լուսինե Մելքոնյանը՝ դեռատի աղջնակի մայրը, խոստովանեց, որ շատ անգամ է դստերն առաջարկել ընտրել ֆլեյտայի ու պարի միջև: «Անդրդվելի է, Քնարիկը,- ասում է նա և ավելացնում,- Չի պատկերացնում իր կյանքն առանց մեկի կամ մյուսի. նպատակասլաց պարապում է գիշեր-ցերեկ»:

Հակումն արվեստի հանդեպ ամենայն հավանականությամբ հորից է գալիս, որ ժամանակին եղել է Լենինականի «Սպիտակ քրիզանթեմներ» վոկալ-գործիքային խմբի կիթառահարը: Մեր դպրոցում կիթառ նվագել է սովորել նաև Քնարիկի եղբայրը՝ Ալբերտը: «Տարիներ առաջ, երբ աղջիկս ընդունվեց «Օյունջյան» վարժարանի 1-ին դասարան,- իր պատմությունն է շարունակում Լուսինե Մելքոնյանը,- անհամբեր սպասում էինք «Վարդուհի» արվեստի դպրոցի բացվելուն: Մինչ այդ երեխան մասնակցեց նախապատրաստական պարապմունքներին, ապա հայտ ներկայացնելիս որոշում ընդունվեց միաժամանակ դիմել ֆլեյտայի ու դասական պարի բաժիններ»:

Անցել են 7 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում ոչ միայն հասակ է առել փոքրիկ Քնարիկը և դարձել «Վարդուհի» արվեստի դպրոցի բալետային խմբի առաջատար պարուհիներից մեկը, այլև գրանցել է հաջողություններ թե՛ պարի և թե՛ ֆլեյտայի կատարողական ասպարեզներում: Ինչպես նշեց ֆլեյտայի դասատու Մելանյա Սիմոնյանը «Լուսավոր այս պարմանուհին ժպտում է թե՛ նվագելիս, թե՛ պարելիս. ընդհանրապես նա ժպտուն կերպար է»:

Պարի խմբի հետ միասին Քնարիկը հանդես է եկել Երևանում, Վանաձորում, Էջմիածնում, պարել մայրաքաղաքի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում: Թե հետագայում ինչ մասնագիտություն է ընտրելու, մայր ու աղջիկ համակարծիք են, որ այն հաստատ կապ է ունենալու բեմի հետ:

Հաջողությո՛ւն մաղթենք ժպտուն գեղեցկուհուն: